Պատմություն

Հայ ականավոր թագուհիներ նախագիծ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Շուրջ կես դար տևած դրածոների իշխանությունից և 52–66 թթ. մղված պայքարից հետո Մեծ Հայքի գահին հաստատվեց Արշակունիների հարստությունը, որն անկում ապրեց 428 թվականին: Գահի հաստատվեցին մեկ տասնյակից ավելի տիրուհիներ,  նրանց մի մասի վերաբերյալ պահպանվել են տեղեկություններ, սակայն հայտնի չեն նրանց անունները: Այդպիսի «անանուն» թագուհիներից պետք է հիշատակել Տրդատ I–ի տիկնոջը՝ «պայծառափայլ թագուհուն», որին, ըստ արքայի թողած հունարեն արձանագրության, նվիրվել է Գառնիի ամրոցը։ Հայտնի չէ նաև Խոսրով I–ի (198–216 թթ.) տիկնոջ անունը, որը Հռոմի Կարակալա կայսեր կողմից բանտարկվել էր ամուսնու հետ միասին: Կարակալայի մահից հետո գահ բարձրացած Մակրինոս կայսրը, գիտակցելով իր նախորդի սխալը, ոսկե թագ ուղարկեց բանտում մահացած Խոսրով I–ի որդի Տրդատ II–ին` ճանաչելով նրան Մեծ Հայքի արքա, և ազատեց Խոսրով I–ի տիկնոջը (Տրդատ II–ի մորը), որը 11 ամիս մնացել էր բանտարկված։ Նման ճակատագիր է ունեցել նաև Տիրան արքայի (338–350 թթ.) կինը (նրա անունը ևս անհայտ է), որն ամուսնու իշխանության վերջում նրա հետ գերվել է, ապա միասին վերադարձել պարսկական գերությունից:

ՓԱՌԱՆՁԵՄ ԹԱԳՈՒՀԻ

Առաջին վկայությունները վերաբերում են նրա ծագմանը։ Նա Սյունյաց նախարարական տոհմից էր, դուստրն Անդոկ (Անտիոք) Սյունիի, որը IV դարի հայ իրականության ակնառու դեմքերից մեկն էր: Օրիորդ Փառանձեմը «շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ»: Նա ամուսնանում է Արշակ II արքայի եղբորորդի Գնել Արշակունու հետ, կազմում նրա հետ փոխադարձ սիրով ստեղծված ընտանիք։ Իշխանուհու բացառիկ գեղեցկությունն ու հմայքը բավականին արագ փոխեցին նրա կյանքի ընթացքը: Ըստ մատենագիրների նրան սիրահարվում է Գնելի հորեղբորորդին` Տիրիթը, որն էլ դավեր է նյութում Գնելի դեմ: Նա կարողանում է թագավորին համոզել, թե Գնելը պատրաստվում է գրավել Մեծ Հայքի գահը, որն էլ պատձառ է դառնում, որ թագավորը հանձնարարի սպանել նրան։

Պատմիչի հաղորդման համաձայն` Տիրիթի նենգությունը հայտնի դարձավ Գնելի թաղման  ժամանակ։ Եվ Փառանձեմն, առանց վարանելու, ի լուր բոլորի բարձրաձայնեց այդ մասին. «Լսեցեք բոլորդ, իմ ամուսնու մահն իր պատճառով եղավ, մեկն ինձ վրա աչք դրեց և ամուսնուս այդ պատճառով սպանել տվեց»։ Մազերը փետում էր, ճչում էր կոծելիս»:

Գնելի մահվանից ոչ շատ ժամանակ անց Արշակ II–ի հրամանով մահապատժի ենթարկվեց նաև Տիրիթը, որի կազմակերպած դավադրության զոհն էր դարձել Գնելը: Նոր ժամանակների պատմագիտության մեջ հայտնվել է տեսակետ, որ Տիրիթի դավադրության պատմությունն ավելի շատ հորինվածք է, իսկ իրա կանության մեջ Արշակ II–ն Արևելյան Հռոմեական կայրության արքունիքից վերադարձած երկու եղբորորդիներին սպանեց այդպիսով ազատվելով գահի հնարավոր հավակնորդներից: Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են նման դեպքերը, երբ արքան կասկածելով իր արյունակիցներին գահի նկատմամբ ունեցած հավակնությունների մեջ, նրանց մահապատժի է ենթարկել հորինելով արդարացնող «հիմնավորումներ»: Հնարավոր է, որ մենք գործ ունենք նման սցենարի հետ: Մեր քննարկման պարա գայում կարևոր է փաստի արձանագրումը, Արշակ II արքան սպանեց իր եղբորորդի Գնելին, ապա ամուսնացավ նրա այրի Փառանձեմ Սյունու հետ: Մատենագիրների հաղորդումներից ակնհայտ է դառնում, որ «գեղեցկությամբ և պարկեշտությամբ հռչակված» փափկասուն տիկինն ուժեղ կամքի տեր ու շատ վճռական մի անհատականություն էր: «Մեծ Հայքի թագուհի» և «Տիկնանց տիկին» Փառանձեմը շարունակում էր սիրել իր զոհ դարձած ամուսնուն ատելով արքային, որի կինն էր դարձել նա, թերևս, ակամա։ Զարմանքով, բայց և մարդկայնորեն հիացմունքի զգացումով ես կարդում այդ մասին գրված Փավստոս Բուզանդի տողերը. «Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան էլ շատ ատում էր Արշակ թագավորին» Փառանձեմի ուժեղ կամքի տեր և հետևողական անհատականություն լինելն ակնհայտ է դառնում նաև մեկ այլ դրվագում։ Նա վրեժխնդիր է լինում իր սպանված ամուսնու համար հորդորելով Արշակ II–ին մահապատժի ենթարկել նրա զինակիր Վարդան  Մամիկոնյանին, որը կարևոր դերակատարում էր ունեցել Գնելի դեմ դավադրություն կազմակերպելու գործում։

Փառանձեմ թագուհին Արշակ II–ին և Հայոց աշխարհին պարգևեց մի որդի` արքայազն Պապին, որը նրա դաստիարակության շնորհիվ դարձավ մեր պատմության ամենաերևելի դեմքերից մեկը։ Ամեն մի կնոջ, յուրաքանչյուր մոր լավագույն գնահատականը, ի վերջո, կարող է լինել նրա դաստիարակած զավակի բնութագիրը։ Իսկ Փառանձեմ թագուհին դաստիարակեց մի որդի, որի նպատակը, ի տարբերություն իրենից առաջ իշխած Արշակունի արքաների, ոչ թե պարսից գերագույն գահը Սասանյաններից խլելն էր՝ հանուն Արշակունյաց տոհմի իշխանությունը Պարսկաստանում վերահաստատելու, այլ Հայոց աշխարհի հզորության ամրապնդումը։ Պապը թագավոր հռչակվեց ընդամենը տասնվեց տարեկան հասակում: Նա աննախադեպ լուրջ քայլեր ձեռնարկեց պատերազմներից ավերված և թուլացած երկիրը վերականգնելու համար։ Երիտասարդ արքան կատարեց մի շարք բարեփոխումներ, որոնք շատ արագ բերեցին ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը, երկրի տնտեսական ու ռազմական ուժի շեշտակի աճին։ Եվ քանի որ դրանք կատարվեցին հոգևոր դասի և իրավունքների ու կալվածքների կրճատման հաշվին, առաջ բերեցին հոգևորականության թշնամանքը նրա նկատմամբ: Նրան կեղծ մեղադրեցին կաթողիկոս Ներսես Մեծին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու մեջ, մինչդեռ նա մեծ սեր ու հեղինակություն էր վայելում երկրում, ինչի մասին վկայում է հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելիանոսը։

Պապ թագավորը դարձավ Հայոց եկեղեցու թշնամանքի առարկան։ Ահա մի քանի դրվագ այդ հորիվածքներից, «Երբ մայրը նրան ծնեց, որովհետև անօրան մարդ էր և Աստծուց բոլորովին երկյուղ չուներ, նրան դևերին  նվիրեց, և բազմաթիվ դևեր մանկան մեջ բնակվեցին ու նրան վարում էին ըստ իրենց կամքի, իսկ մայրն նայեց ու տեսավ իր աչքերով, որ սպիտակ օձերը պատով են բազմոցի ոտքերը և փաթաթվում  էին Պապին..:

Հայ մատենագիրները Փառանձեմի գործած մեղքերից են համարում նաև Արշակ թագավորի կնոջ Օլիմպիայի թունավորումը:

Եթե մտածենք , որ մատենագիրները ևս հոգևոր դասի ներկայացուցիչներ էին,  կալի է ենթադրել, որ այստեղ ևս դրսևորվել է կանխակալալ մոտեցում: Ներկայացվում է այնպես, որ Փառանձեմ թագուհին արքունական պալատի երեց Մրջյունիկի միջոցով հաղորդության ժամանակ թունավորեց Օլիմպիային, որին էլ ծառայության դիմաց նվիրեց նրա հայրենի գյուղը: Մտածել, որ Արշակ II–ի թիկունքում թագուհին կազմակերպում էր դավադրություն, ապա բացեիբաց պարգևատրում կատարողին, կարելի է միայն այն դեպքում, երբ արքան լիներ տկարամիտ մեկը, ինչը բացառելի է Արշակ II–ի պարագայում: Օլիմպիան հայոց արքունիքում իր ներկայությամբ խորհրդանիշն էր հայ–հռոմեական բարեկամության, ուստի շատ ավելի հավանական է ենթադրելը, որ նա դարձել է հայոց ավագանու պարսկամետ, հակահռոմեական տրամադրված ուժերի զոհը: Չի բացառվում, որ պարսից Շապուհ II արքայի հետ հարաբերությունների լավացման ժամանակ նման կարգադրություն է արել հենց ինքը Արշակ II–ը: Ի վերջո դավադրության հեղինակը կարող էր լինել նաև թագուհու հայրը Անդոկ Սյունին պահպանելու համար իր դստեր անխախտ դիրքը: Վերջին կարծիքը շատ հավանական է թվում, քանի որ ունենք համանման իրավիճակում Անդոկ Սյունու գործած քայլերի մասին վկայություն: Երբ մերձեցել էին հայ–պարսկական հարաբերությունները, Շապուհ II արքան որոշեց դրանք ամրապնդել Արշակ II–ին կնության տալով իր դստերը: Այդ նախաձեռնությունը խափանվեց Անդով Սյունու ջանքերով. «Իսկ երբ Անդոկը Սյունյաց գավառի  նահապետը, իմացավ, թե Պարսից Շապուհ թագավորն ուզում է իր աղջիկը կնության տալ Հայոց Արշակ թագավորին, շատ վախեցավ, և միտքը կասկածի մեջ ընկավ: Նա հասկացավ, որ եթե Արշակը կին առնի Պարսից թագավորի դստերը, ապա իր դուստրը անարգություն կկրի, որովհետև այդ ժամանակ Փառանձեմը «Անդոկի դուստրը, որը Գնելի կինն էր արել Հայոց Արշակ թագավորի կինն էր…:

368 թվականին, Արշակ Բ-ի՝ Տիզբոն մեկնելուց և ձերբակալվելուց հետո, երբ Մեծ Հայքի վրա ծանրացել է պարսկական ներխուժման վտանգը, Փառանձեմ թագուհին իր ձեռքն է վերցրել երկրի կառավարումը: Ռազմական օգնության և բյուզանդական արքունիքում պահվող որդուն՝ Պապին Հայոց թագավոր ճանաչելու խնդրանքով պատվիրակություն է ուղարկել Կոստանդնուպոլիս, իսկ ինքը 11 հազարանոց ընտիր զորքով ու արքունի գանձերով ապաստանել է Արտագերս ամրոցում: Ըստ հույն պատմիչ Ամմիանուս Մարցելինուսի, Պապը նույնպես սկզբում Արտագերսում է եղել և հետո նրա պաշարումից հետո է հեռացել Բյուզանդիա: Շապուհ Բ-ի մեծաքանակ պարսկական զորքերի դեմ 14-ամսյա հերոսական պաշտպանությունից հետո Փառանձեմը ստիպված է եղել անձնատուր լինել: Գերեվարվել է Պարսկաստան, որտեղ անարգվել և սպանվել է Շապուհ Բ-ի հրամանով: Փավստոս Բուզանդը հետևյալ կերպ է նկարագրում տեղի ունեցածը. «Երբ Փառանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհ… և թագավորի առաջը հանեցին…Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել (Արշակունյաց) տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին… և այդ բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա անասնական պիղծ խառնակության համար։ Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին»:[3] Փառանձեմ թագուհին, որպես գեղեցիկ, հպարտ և հայրենասեր հայուհու կերպար, մարմնավորվել է գեղարվեստական գրականության մեջ (Րաֆֆու «Սամվել», Ս․ Զորյանի «Հայոց բերդը», Պ․ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատմավեպերը) և երաժշտության (Տ․ Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան) մեջ:

ԱՄՓՈՓՈՒՄ

Այսպիսի բուռն ու փոթորկալից կյանք ունեցավ Սյունյաց աշխարհի չքնաղ օրիորդը, որը «շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ», սիրեցյալ ամուսնուն կորցրած այրին, որն իր կամքին հակառակ դարձավ Մեծ Հայքի թագուհի և ծնեց ու դաստիարակեց մեր պատմության ամենատաղանդավոր արքաներից մեկին: Նա առաջնորդը դարձավ առանց արքայի մնացած Հայոց աշխարհի և հերոսաբար պաշտպանեց երկիրը թշնամուց։ Նրա քաջության, դիվանագիտական ջանքերի և ինքնազոհաբերման շնորհիվ շարունակեց իր գոյությունը Մեծ Հայքի թագավորությունը… Պատահական չէ, որ Փառանձեմ թագուհին իր ամուսին Արշակ II–ի և որդի Պապ թագավորի հետ դարձել է բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների հերոս։ Եվ հատկանշական է, որ Արցախյան ազատամարտի ժամանակ հայուհիներից կազմավորվեց ջոկատ, որը կրեց փառապանծ թագուհու անունը՝ «Փառանձեմ»։ Հերոս–թագուհու անունը կրող ջոկատն աչքի ընկավ ազատագրական մարտերում և դարձավ մասնակիցը մեր նորօրյա հերոսապատումի։

Օգտագործված գրականություն՝

Ա. Ե. Մովսիսիյան 10 Հայ ականավոր թագուհիներ, Երևան, Զանգակ հրատ., 2017: