Գրականություն

Հովհաննես Թումանյան

Պատմվացքներ

Եղջերու

Ինձ շատ դուր եկավ Հովհաննես Թումանյանի «Եղջերու» ստեղծագործությունը: Այստեղ քննարկվում են իրական կյանքին բնորոշ խնդիրներ: Ինչպես օրինակ այս դրվագում՝ երբ տղան տեսնում է եղջերուին արյան մեջ, խղճում է նրան, բայց ոչինչ չի անում նրա կյանքը փրկելու համար, նույնիսկ չի խնդրում որսորդին, որ չսպանի նրան: Երբ որսորդը ցանկանում է սպանել եղջերուին, տղան լռում է:  Իսկ այդ լռության պատճառով վերջ է տրվում մի անմեղ կյանքի: Այդպես է նաև իրական կյանքում: Երբ միայն մի խոսքով բավական է փրկել իրավիճակը, ինչ-որ մեկին սխալ ճանապարհից հետ պահել, մարդիկ լռում են, չեն խոսում, չեն արտահայտում իրենց կարծիքը:

Որսորդը նույնպես սխալ է վարվում: Իրականում նա քարոզում էր խնայել կենդանիներին: Այստեղ Թումանյանը փորձում է նկարագրել երկերեսանի մարդու կերպարը, ովքեր մի բան ասում են, բայց մեկ ուրիշ բան անում: Այդպիսի մարդիկ շատ կան իրական կյանքում և նրանցից պետք է զգուշանալ: Ինձ հատկապես դուր եկավ վերջին նախադասությունը, երբ եղնիկի մահը տեսնելուց հետո տղան մտածեց.

«Սկսեցի մտածել կյանքի ու մահվան մասին, և էնպե՜ս տգեղ էր թվում ինձ կյանքը․․․»: 

Սրանից հետևություն կարող ենք անել, որ եղնիկը գեղեցկության խորհրդանիշն է: 

Չէ՞ որ, ոչ ոք չի կարող ապրել երջանիկ, եթե նրա կյանքից բացակայում է իր «գեղեցիկը»:  Բավականին խորիմաստ ստեղծագործություն էր:

Եղջերուի մահը

Ստեղծագործությունն այն մասին է, թե ինչպես որսրդը  եղջերուին՝ ձագուկի հետ ջուր խմելիս կրակեց ու վնասեց: Արյունը անդադար հոսում էր: Նա զգաց, որ ծարավից ներսը այրվում էր: Եղջերուն անընդհատ փորձում էր վեր կենալ, ուժ գտնել իր մեջ, բայց ապարդյուն: Վերջապես եկավ գիշերվա ցուրտը, երևացին աստղերը: Հասկացավ, որ գիշերը եկել է: Նորից փորձեց վեր կենալ: Բարձրացավ ու կրկին ընկավ ծանր թառանչով: Ու հենց այդ թառանչն էր նրա  լսած վերջին ձայնը…

Գրականություն

Հովհաննես Թումանյան

Բալլադներ

Թագավորն ու չարչին

Բալլադը գրել է հայ գրող Հովհաննես Թումանյանը 1917 թվականին: «Թագավորն ու չարչին» բալլադը պատմում է Շահ Աբասի մասին, թե ինչպես է նա տեղահան արել հայերին հին Ջուղայից 1601 թվականին: Հետո չարչու շորեր հագած պտտվել ժողովրդի մեջ՝ ձևանալով որպես չարչի և տեղեկություն հավաքել, թե մարդիկ ինչ են մտածում իր մասին: Շահը մեծ զայրույթ է ապրում, երբ այն մարդիկ, ովքեր իրեն օրեր առաջ մեծարում էին, այսօր վարկաբեկում ու անիծում էին՝ իրենց տեղահան անելու, իրենց հողից ու տնից, իրենց վանքից, իրենց սիրելի Ջուղայից: Ի պատասխան Շահի ըմբոստությանը՝ հավաքված հայերն ասում են, որ քանի կա շահ ու գերի, տեր ու ստրուկ, արդարություն երբեք չի լինի:

Աղավնու Վանքը

Բալլադը գրվել է 1912 թվականին։ Ամբողջական ինքնագիրը մեզ չի հասել։ Այստեղ գործ ունենք պատմության և պատմական իրադարձությունների հետ։ Այս բալլադում ասվում է մարդու հավատի և հույսի ուժի մասին։ Թումանյանը մեզ փորձում է բացատրել, որ մարդու հավատից շատ բան է կախված, և ամեն մարդ պետք է ունենա գոնե մի քիչ հույս և հավատ։ Երբ դու ունես նպատակ և շատ մեծ հավատ, դու կհասնես մեծ հաջողությունների։ Ինձ շատ դուր եկավ այս բալլադը, քանի որ այն ունի լավ վերջաբան և այստեղ բարին հաղթում է չարին։

Գրականություն

Վահան Տերյան «Մեր պարտքը»

Վերլուծություն

Ինձ շատ դուր եկավ հոդվածը: Սույն հոդվածով, կարծես թե, հեղինակը նկարագրում է ներկայիս հայաստանյան քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական, ռազմական իրավիճակը, որը շատ լարված է և հուսահատեցնող: Տերյանն էլ ապրել է այդպիսի ժամանակաշրջան իր կյանքում, երբ հայրենիքը նույնպիսի իրավիճակում էր: Հոդվածում հնչում է միասնության կոչ: Յուրաքանչյուր րոպեն թանկ է հայ ժողովրդի համար, որպեսզի չկորցնեն հայրենիք մնացած մի բուռ հողը: Տերյանի կոչն արդիական է և մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է համախմբվել, ցուցաբերել հոգատարություն և սրտացավություն մայր հողի հանդեպ:

Հոդվածում խոսվում է պառակտված ժողովրդի մասին, որն առնչվել է բազում ցավերի, անցել պատերազմների և հալածանքների միջով՝ գրեթե միշտ հաղթահարելով դրանք, սակայն հետևանքներից չի կարողացել խուսափել:

Հեղինակը հոդվածում նաև առաջարկում է լուծման իր եղանակը։ Ըստ նրա, եթե մտավորականները համախմբվեն, վերցնեն երկրի ղեկը և առաջնորդեն ժողովրդին, ապա հնարավոր է գտնել խնդիրների լուծումը։

Գրականություն

Ավանդություններ թռչունների մասին

Բու

Բուն առաջ ծույլ ու անպետք մարդ է եղել և չի կարողացել անգամ իրեն շոր ճարել։ Մոտիկ մարդիկ մի օր նրան շոր են տալիս և հետները եկեղեցի տանում։ Հանկարծ նրանք հարձակվում են ծույլի վրա, հետ վերցնում տված հագուստները և մերկ վիճակով թողնում բազմության մեջ։ Ծույլին օգնության են հասնում երկնքի թռչունները։ Ամեն մեկը մի-մի փետուր է տալիս նրան, ծածկում մերկությունը, դարձնում բու, թռցնում, տանում իրենց հետ։ Սակայն բուն ապերախտ է գտնվում թռչունների նկատմամբ, նա ամեն գիշեր ուտում է նրանցից մեկին։ Թռչունները որոշում են՝ նրան տեսնելուն պես, պատժել։ Դրա համար էլ բուն փախչում է լույսից, ցերեկները թաքնվում, գիշերներն է միայն դուրս գալիս։

Կաքավ


Կաքավը սկզրում հարս է եղել։ Մի օր խմոր անելիս, սկեսուրը բարկանում է վրան, թե ինչու է խմորը պինդ հունցել։ Հարսը հակառակում է սկեսուրին, պնդելով, թե խմորը կակուղ է։ Սկեսուրը զայրացած՝ անիծում է հարսին։ Հարսն անմիջապես կաքավ է դառնում և մինչև այսօր էլ հակառակում սկեսրոջը, անդադար կրկնում է. «Կակուղ ա, կակուղ ա»։

Կկու


Կկուն հարս է եղել։ Մի օր ծառից ճոճք է կապում, երեխային դնում մեջը, գնում քաղհան անելու։ Երբ քաղհանից վերադառնում է, երեխային ճոճում չի գտնում։ Ցավից ու սկեսրոջ վախից թռչուն է դառնում, «կո՛ւ-կո՛ւ» կանչելով, փնտրում երեխային:

Գրականություն

Ջեյմս Ավգուստին Ալոյսիուս Ջոյս

Ջեյմս Ավգուստին Ալոյսիուս Ջոյսը իռլանդացի գրող է։ Հայտնի որպես XX դարի կարևորագույն և ամենաազդեցիկ անձանցից մեկը։ Ջոյսը հռչակ է ձեռք բերել իր գլուխգործոցով՝ Ուլիս (1922) վեպով, և դրան հաջորդող իր հակասական վեպով՝ Ֆիննեգանի հոգեհացը (1939)։ Նմանապես արժևորվել է նաև նրա կարճ պատմվածքների շարքը՝ Դուբլինցիներ (1914) անունը կրող, ինչպես նաև նրա կիսաինքնակենսագրական վեպը՝ Պատանի արվեստագետի դիմանկարը (1916)։ 

Թեև իր հասուն կյանքի մեծ մասը նա անցկացրել է Իռլանդիայից դուրս, սակայն այս գրողի գրական տիեզերքը ամուր կերպով արմատներ է գցել իր հայրենի Դուբլինում՝ այն քաղաքում, որտեղ գտնվում են նրա ստեղծագործությունների տեսարանները, միջավայրերը, կերպարները և պատմողական մնացած նյութերը:

Ջեյմս Ջյոսը ծնվել է 1882 թվականին Դուբլինի միջին դասի թաղամասում՝ Ռաթգար արվարձանում, կաթոլիկ ընտանիքում։ Հոր անունը Ջոն էր, իսկ մոր՝ Մեյ։ Ջեյմսը ընտանիքի 10 զավակներից (6 աղջիկ և 4 տղա) ավագն էր։ 

1891 թվականին 9 տարեկան հասակում Ջոյսը գրում է «Et tu, Healy» վերնագրով մի պոեմ իռլանդացի քաղաքական գործիչ Չարլզ Ստյուարտ Պարնելլի մահվան մասին։ Հայրն այնքան է հավանում, որ տպագրել է տալիս այն, անգամ պատճեններից մեկն ուղարկում է Վատիկանի գրադարան:

Ապագա գրողը կրթություն է ստացել Կլոնգովես Վուդ քոլեջում՝ Քանթրի Քիլդեյրում՝ Սալլինսի մոտակայքում գտնվող ճիզվիտական մի գիշերօթիկ դպրոցում։ Ավելի ուշ՝ 1893 թվականին, միևնույն քաղաքի Բելվեդեր քոլեջում, որը նույնպես ճիզվիտներն էին ղեկավարում, նրան տեղ է առաջարկում։ Առաջարկն արվում է մասամբ այն պատճառով, որ գիտելիքներով տարբերվող ուսանողը դառնա իրենց համայնքի անդամ,: Բելվեդերում սովորելու տարիներին նա շատ է կարդում անգլերեն և ֆրանսերեն՝ Դիքենս, Վալտեր Սքոթ, Ջոնաթան Սվիֆթ, Լոուրենս Սթերն: 1898 թվականին ընդունվում է Դուբլինում նոր բացված University College-ը անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներ սովորելու համար։ Ջոյսը հիշատակվում է որպես լավ 1912 թվականը Ջոյսի համար դժվարությունների տարի էր։ Տնային տնտեսությանը օգնելու համար գրողը տարեսկզբին մի քանի կոնֆերանսների է մասնակցում Università Popolare-ում և շարունակում է հոդվածներ գրել թերթերի համարուսանող, որի հետ թեև դժվար էր շփում հաստատելը:

1916 թվականի դեկտեմբերին տպագրվեցին Դուբլինցիները հյուսիսամերիկյան և Պատանի արվեստագետի դիմանկարը համաշխարհային առաջին օրինակները։ Երկուսն էլ ավարտին հասցվեցին նյույուրքցի խմբագիր Բ.Վ. Հոյբշի ջանքերի շնորհիվ՝ դրանով իսկ բերկրանք պատճառելով Ջոյսին։Նրա փառքն այն աստիճանի էր հասել, որ անգամ պարբերական դրամական նվիրատվություններ սկսեց ստանալ մի անանուն երկրպագուհու կողմից:

Ջեյմս Ջյոսի լավագույն ստեղծագործություններից է «Էվելինը»:

Այս պատմվածքը մի 19 տարեկան աղջկա մասին է, ում կյանքը լի էր շատ խնդիրներով: Նրա մայրը մահացել էր, իսկ հոր զայրույթի դեմ նա անօգնական ու անպաշտպան էր: Եղբայրը ՝ Էռնեստը նույնպես մահացել էր, իսկ մոր հետ կապված հիշողությունները անասելի էր: Ծանր կյանքը նրան ստիպում էր հեռանալ տնից, նոր կյանք սկսել ընկերոջ՝ Ֆրենկի հետ։

Գիշերային նավով նա կմեկներ, կլիներ նրա կինը և կապրեր նրա հետ Բուենոս Այրեսում, որտեղ Ֆրենկը տուն ուներ։ Երբեմն պատկերացնում էր, թե ինչպես են մոր կյանքի տխուր պահերը թափանցում իր կյանք։  Էվելինը դողում էր, անընդհատ մտքին գալիս էր հիվանդ մոր ձայնը, և դա նրան հասցնում էր խելագարության։ Էվելինը հասկանում էր, որ փախչել է պետք, Ֆրենկը նրան կերջանկացնի: Սակայն նա չի գնում Ֆրենկի հետ, գիտակցելով որ նույնիսկ տուն լքելը նրան չի փրկի երջանիկ լինել:

Պատմվածքի ասելիքը այն էր, որ աղջիկն իր կյանքը բարդ էր համարում և որոշել էր լքել իր տունը՝ ավելի լավ կյանքի ձգտումով։ Սակայն նա չի կարողանում անել դա։ Աղջիկն ի վիճակի չէր լքել արդեն մահացած թվացող անցյալը, իր մոր խոսքերը, հիշողություններն ու իր տունը։ Էվելինը անցյալը գերադասում է ապագայից:

Գրականություն

Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան»

Վերլուծություն

Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքի գլխավոր հերոսը Մամփրեն էր:  Նա 80 տարեկան մարդ էր, բայց նոր-նոր էր սովորում տառերը: Նրա կյանքում պակասում էր հայոց այբուբենը, նա շատ էր սրտնեղում, որ հայոց գրերը չգիտի: Մամփրեն սիրում էր դիտել, թե ինչպես է իր երրորդ դասարանցի թոռնուհին այբուբենը սովորեցնում իր փոքր եղբորը:

Այն տարիներին Տեր Հարությունը միակն էր, ով կրթում ու սովորեցնում էր անտառաճանաչներին, բայց հետո ցեղասպանությունը սկսվեց և ամեն բան կիսատ մնաց։

Մամփրեն շատ էր ուզում սովորել այբուբենը, բայց մի վախ կար սրտում, նա մտածում էր, որ համագյուղացիները կսկսեն խոսել, որ Մամփրեն օր ծերության որոշել է հայոց գիրը սովորել, նաև մտածում էր, որ չի կարողանա սովորել:

Իր թոռնուհին էր սովորեցնում իրեն: Մամփրեն լուռ լսում էր: Մամփրեն չէր սիրում Թ տառը, անընդհատ դժգոհում էր: Նրա համար անչափ զարմանալի էր հայոց այբուբենի վերջին տառը՝ Ֆ-ն, ու ամեն անգամ Ֆ-ը տառը ասելիս պատկերացնում էր վիշապի ֆշշոց: Մամփրեն իր տետրում գրում էր կարմիր գույնով, որովհետև Տեր Հարությունը կարմիր գույնի թելով էր ասեղնագործում տառերը: Նա պնդում էր, որ Մեսրոպյան տառերը սուրբ են և պետք է գրվեն կարմիրով: Մամփրեն, երբ վերջացրեց բոլոր տառերը, իրեն կոչեց արքա, իսկ տառերին՝ զինվորներ: Նա շատ հետաքրքիր մարդ էր: Մի օր, երբ թերթում կարդում է այն մասին, որ իր հարևան Ծաղիկը մանկուց երազել է դառնալ կթվորուհի, սաստիկ զայրանում  է, քանի որ  նա մանկուց երազել էր դառնալ պարուհի, ուսուցչուհի, բայց ոչ կթվորուհի: Նա զայրանում էր, որ Մեսրոպ Մաշտոցի զինվորներին՝ այսինքն գրերին, ստիպել են սուտ բաներ գրել: Այս ամենը ցույց է տալիս Մամփրեի վերաբերմունքը Հայոց տառերի հանդեպ: Մամփրեն նաև նպատակասլաց էր, որովհետև նա հասավ իր նպատակին՝ սովորեց մեսրոպատառ այբուբենը: Այսինքն, կարծում եմ երբեք էլ ուշ չէ ինչ-որ բան սովորելու և սկսելու համար:

Գրականություն

Գառ ախպերիկ: Վանո Սիրադեղյան

Վերլուծություն

Ստեղծագործությունը սկսվում է գյուղական կյանքի գեղեցիկ նկարագրությամբ: «Գառ-ախպերիկ» ստեղծագործության մեջ ներկայացվում է գառնուկի կյանքը, որը ցավոք ավարտվում է  ողբերգությամբ: Հավանաբար  Գառ ախպերիկին սարում գայլերն ուտում են, որը նույնպես  մարդկային սխալի պատճառով է:

Պատմվածքում ընտանիքը կորցրել էր երեխային և ըստ հորեղբոր խորհրդի որոշում են գառ ձեռք բերել։ Գառնուկը սնվում է տղայի մոր կաթով և այնքան սիրվում ընտանիքի կողմից, որ անգամ փոքրիկ տղան նրան կոչում էր «ախպերիկ»։ Տղան անընդհատ խնդրում է, որ գառնուկը չմեծանա, բայց գառնուկը մեծանում և դառնում է խոյ: Ընտանիքը որոշում է, որ պետք է գառնուկին ընտելացնել մյուս գառների հետ, բայց ամեն ինչ ավարտվում է ողբերգությամբ։  Մարդը նույնպես չի կարող ապրել այն միջավայրում, որը նրան  հարազատ չէ, և եթե նրան ոչ ոք չօգնի, նա կարժանանա գառնուկի ճակատագրին:

Գրականություն

Ալեքսանդր Մանթաշյանց

Ալեքսանդր Մանթաշյանցը հայ նշանավոր գործարար ու բարեգործ է։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել է «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թ Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Իր առևտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Նա էր հովանավորում Կովկասի  ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում, Ելիսեյան դաշտում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։

Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորչական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։ Մանթաշյանի միջոցներով են կառուցվել նաև պատրիարքական հարկաբաժիններն Էջմիածնում։

Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ, շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։

Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։ Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը։ Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները։ Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ։

Գրականություն

Սպասում: Մուշեղ Գալշոյան

Վերլուծություն

Ինձ շատ դուր եկավ Մուշեղ Գալշոյանի «Սպասումը» ստեղծագործությանը: Իրականում բառերը քիչ են նկարագրելու այն հուզմունքը, որ ես ապրեցի այս ստեղծագործությունը ընթերցելիս: Կարդալուց ինքնաբերաբար մտովի ֆիլմի պես պատկերացնում էի դիպվածները: Կարծում եմ, այս ստեղծագործության հիմնական միտքը սպասելն էր: Կոմիտասը համբերությամբ զինված սպասում էր կորցրած դրամապանակի տիրոջը: Առաջին հայացքից թվում է, թե սովորական դեպք է, որտեղ անցորդը գտել է դրամապանակը և սպասում է, որպեսզի վերադարձնի տիրոջը: Բայց իրականում սա սովորական սպասում չէ: Այդ փոքրիկ դրվագով երևում է Կոմիտասի մեծ հոգու տեր մարդ լինելը՝ նրա առաքինությունը, ազնվությունը, մեծահոգությունը, համբերատար և կարեկից լինելը, բարությունը…

Գրականություն

Էվելին։ Ջեյմս Ջոյս

Վերլուծություն

Այս պատմվածքը 19-ամյա աղջկա մասին է, նրա մտորումների, ցավի, կյանքի և դժվարության։

Ես հասկանում եմ Էվելինի մտքերը, տառապանքներն ու վերջնական որոշման պատճառը: Աղջկա մայրը մահացել էր: Մահացել էր նաև Էվելինի եղբայր Էռնեստը, իսկ Հարրին՝ մյուս եղբայրը, զբաղված էր աշխատանքով: Դեռևս մանուկ հասակում Էվելինը տեսել էր հոր զայրույթը եղբայրների հանդեպ։ Սակայն քանի որ նա աղջիկ էր, հայրը նրա վրա ձեռք չեր բարձրացնում։ Էվելինն այդպիսի կյանք չէր ուզում: Նա ցանկանում էր երջանիկ լինել:

Շիտակ մարդու համար բավականին բարդ է սեփական խոստմանը դեմ գնալը: Էվելինը հասկանում էր, որ հայրն առանց իրեն չի կարողանա ապրել, քանի որ նա արդեն նկատել էր հոր ծերությունը։ Այդ ամենի գիտակցումը աղջկան տառապանք էր պատճառում։ Նա կարծում էր, որ մեղքի զգացումը կհետապնդեր իրեն իր ողջ կյանքում։

Այս պատմվածքում սիրեցի Էռնեստի ու Ֆրենկի կերպարները: Եթե ես լինեի հերոսուհու փոխարեն, ես պարզապես խոստում չէի տա։ Միևնույն ժամանակ հայրիկիս չէի կարողանա լքել։

Գրականություն

Էվելին։ Ջեյմս Ջոյս

Նա նստել էր պատուհանի մոտ ու դիտում էր փողոց ներխուժող երեկոն։ Գլուխը սեղմել էր պատուհանի վարագույրին, ռունգերում՝ փոշոտ կրետոնի հոտն էր։ Հոգնած էր։

Անցորդները քիչ էին։ Տուն գնաց վերջին շենքի բնակիչը, լսվեցին նրա ոտնաձայները սալահատակին և քիչ հետո դրանք խշրտացին նոր, կարմիր շենքերի առջեւ ձգվող արահետի խարամի վրա։ Մի ժամանակ այդտեղ դաշտ էր, ուր նրանք ամեն երեկո խաղում էին ուրիշ երեխաների հետ։ Հետո մի բելֆասթցի գնեց դաշտը եւ տեղը կառուցեց տներ, ոչ թե իրենց մուգ շագանակագույն փայտե տների նման, այլ պայծառ աղյուսե տներ, փայլող տանիքներով։ Փողոցի երեխաները սիրում էին խաղալ այդ դաշտում։ Խաղում էին Դեվինսները, Ուոթերսները․ Դանսները, փոքրիկ կաղ Քեուն, ինքը և իր եղբայրներն ու քույրերը։ Իհարկե, Էռնեստը երբեք չէր խաղում։ Նա արդեն մեծ էր։

Հայրը սովորություն ուներ երեխաներին հաճախ դաշտից դուրս քշել, հալածելով իր սև գավազանով, բայց սովորաբար փոքրիկ Քեուն պահակ էր կանգնում եւ ձայն տալիս, երբ նկատում էր հորը։ Բայց կարծես բոլորն էլ բավական երջանիկ էին այն ժամանակ։ Հայրը դեռ մի կերպ դիմանում էր և գլխավորը՝ մայրը դեռ կենդանի էր։ Դա շատ վաղուց էր։ Հիմա ինքը, իր եղբայրներն ու քույրերը հասակ են առել, մահացել է մայրը։ Թիզդի Դանսը նույնպես չկա, իսկ Ուութերսները վերադարձել են Անգլիա։ Ամեն ինչ փոխվում է։ Եվ այժմ, ուրիշների նման, ինքը նույնպես կհեռանա, կլքի տունը։

Տո՛ւն։ Նա աչք ածեց սենյակը, զննելով բոլոր ծանոթ իրերը, որոնք մաքրում էր ամեն շաբաթ՝ այսքան տարիների ընթացքում, ամեն անգամ զարմանալով, թե որտեղից է այդքան փոշի հավաքվում։ Հավանաբար այլևս չտեսնի այդ ծանոթ իրերը, որոնցից երբևէ չէր մտածում, թե կբաժանվի։ Բայց այդ տարիների ընթացքում նա այդպես էլ չիմացավ այն քահանայի անունը, որի դեղնած լուսանկարը կախված էր կոտրված ֆիլհարմոնիայի վերևում, պատի վրա, սուրբ Մարգարիտ֊Մարիամ֊Ալաքոքին պատկերող գունավոր փորագրության կողքին։ Նա իր հոր դասընկերներից էր եղել և հայրը ցույց տալով նկարը հյուրերին, միշտ ավելացնում էր․ — Նա այժմ գտնվում է Մելբուռնում։

Աղջիկը համաձայնել էր հեռանալ, լքել իր տունը։ Արդյոք դա ճի՞շտ քայլ էր։ Նա փորձեց հարցը կշռադատել բոլոր կողմերից։ Տանը, ինչ էլ պատահեր, նա ուներ սնունդ, ապաստան եւ նրանց, ում միշտ տեսել էր իր շուրջը։ Իհարկե, այստեղ աշխատանքը անչափ շատ էր, և ոչ միայն տանը, այլև խանութում։

Հետաքրքիր է, ինչ կասեն խանութում, երբ իմանան, որ փախել է մի երիտասարդի հետ։ «Հիմարի մեկն էր»,— կասեն նրանք իր մասին, իսկ տեղը հայտարարությունից հետո իսկույն կզբաղեցնեն։ Միսս Գեւանը անչափ ուրախ կլիներ։ Նա միշտ կշտամբելու առիթ էր փնտրում, հատկապես, երբ շուրջը լսողներ կային։

— Միսս Հիլլ, մի՛թե չեք տեսնում, որ լեդիները ձեզ են սպասում։

— Խնդրեմ, բարեհաճ եղեք, միսս Հիլլ։

Խանութից հեռանալը այնքան էլ ցավալի չէր։

Բայց նոր տան մեջ, հեռավոր անծանոթ երկրում իր դրությունը կփոխվի։ Նա ամուսնացած կլինի, նա՝ Էվելինը։ Մարդիկ արդեն հարգանքով կվերաբերվեն իր հետ և նա մոր ճակատագիրը չի ունենա։ Անգամ հիմա, երբ նա տասնինն անց աղջիկ էր, իրեն անպաշտպան էր զգում հոր զայրույթից։ Նա գիտեր՝ սրտի անկանոն խփոցների պատճառը դա էր։ Երբ փոքր էր, հայրը չէր հարձակվում նրա վրա այնպես, ինչպես սովորություն ուներ հարձակվել Հենրիի կամ Էռնեստի վրա, որովհետև ինքը աղջիկ էր, բայց վերջերս սկսել էր սպառնալ և ասում էր, որ միայն հանգուցյալ մոր անունն է նրան փրկում։ Եվ այժմ չկար մեկը, որ պաշտպաներ։ Էռնեստը մահացել էր։ Հարրին, որ եկեղեցիներ էր նկարազարդում, միշտ զբաղված էր լինում որևէ գյուղում։ Իսկ փողի համար շաբաթ օրվա մշտական վեճերը նրան շատ էին ձանձրացրել։ Նա միշտ հորն էր տալիս աշխատավարձի յոթ շիլլինգը։ Նույնն էր անում և Հարրին, ուղարկելով ինչքան կարող էր։ Բայց ամենադժվարը այդ փողերը մի քիչ ետ գցելն էր։

Հայրն ասում էր, որ աղջիկը փողը շռայլում է, նա անխելք է, ինքը թույլ չի տա, որ դժվարությամբ վաստակած փողը կորչի և չէր հանգստանում այդ բոլորով, ասում էր դեռ ավելին, քանի որ շաբաթ երեկո հարբած էր լինում։ Վերջում նա աղջկան փող էր տալիս և հարցնում, թե արդյոք մտադիր չէ՞ կիրակնօրյա ճաշի համար գնումներ անել։ Հետո Էվելինը պետք է տնից դուրս վազեր, ձեռքին՝ սև կաշվե դրամապանակը, հրմշտեր ամբոխը աջ ու ձախ և տուն վերադառնար ուշ երեկոյան, կքված գնումների ծանրության տակ։ Ծայրը ծայրին հասցնելու համար նա աշխատում էր ամբողջ օրը և բացի այդ հետևում էր իր խնամքին թողնված երկու երեխաներին, որ ճաշեն ու դպրոց գնան ժամանակին։ Դա ծանր աշխատանք էր, ծանր կյանք, բայց հիմա, երբ նա որոշել էր լքել տունը, առօրյան այնքան էլ ծանր ու անցանկալի չէր։

Որոշել էր նոր կյանք սկսել Ֆրանկի հետ։ Ֆրանկը բարի էր, սրտաբաց ու արի։ Այս գիշեր ինքը կմեկնի նրա հետ գիշերային նավով, կլինի նրա կինը և կապրի նրա հետ Բուենոս֊Այրեսում, որտեղ Ֆրանկը տուն ուներ նրանց սպասող։ Որքան լավ էր հիշում առաջին հանդիպումը։ Ֆրանկը վարձով ապրում էր գլխավոր փողոցի վրա գտնվող տանը, ուր ինքը հաճախ էր այցելում։ Թվում էր դա մի քանի շաբաթ առաջ էր։ Ֆրանկը կանգնել էր դարպասի մոտ, կեպին ծոծրակին հետ ցցած, մազերը թափված էին բրոնզագույն դեմքին։ Հետո նրանք ծանոթացան։ Նա ամեն երեկո խանութի մոտ սպասում էր Էվելինին՝ տուն ուղեկցելու։ Ֆրանկը տարավ նրան դիտելու «Գնչուհին» և նա, նստելով տղայի կողքին, իր համար անսովոր տեղում, իրեն զգում էր յոթերորդ երկնքում։

Ֆրանկը սիրում էր երաժշտություն եւ մի քիչ էլ երգել գիտեր։ Մարդիկ ցիտեին նրանց փոխադարձ համակրանքի մասին, և երբ Ֆրանկը երգում էր նավաստու եւ աղջկա սիրո երգը, ինքը միշտ հաճելի շփոթմունք էր զգում։ Նա աղջկան կատակով Փոփենս էր անվանում։ Սկզբում պարզապես հաճելի էր երկրպագու ունենալ, իսկ հետո Ֆրանկը սկսեց դուր գալ նրան։ Նա գիտեր պատմություններ հեռու երկրների մասին եւ իր կարիերան սկսել էր որպես կրտսեր նավաստի «Ալլան Լայն» ընկերության նավի վրա, որը նավարկում էր Կանադա երթուղով։ Նա գիտեր այն բոլոր նավերի ու ընկերությունների անունները, որտեղ մի ժամանակ աշխատել էր։ Անցել էր Մագելանի նեղուցով եւ պատմություններ գիտեր սարսափելի պատագոնցիների մասին։ Ասում էր, որ իր գործերը հաջող են Բուենոս–Այրեսում, եւ, որ, այցի է եկել իր հայրենիքը միայն հանգստի համար։

Իհարկե, հայրն իմացավ ամեն ինչ և արգելեց աղջկան նրա հետ գործ ունենալ։

— Գիտեմ այդ նավաստիներին,— ասաց նա։

Եվ մի օր, հայրը վիճեց Ֆրանկի հետ, եւ Էվելինը ստիպված էր դրանից հետո գաղտնի հանդիպել։

Երեկոն թանձրացավ փողոցում։ Ծնկներին դրված նամակների սպիտակությունը անորոշացավ։ Նամակներից մեկը գրված էր հորը, մյուսը՝ Հարրիին։ Էռնեստը իր սիրելին է եղել, բայց Հարրիին նույնպես սիրում էր։ Վերջին ժամանակներս Էվելինը սկսել էր նկատել հոր ծերությունը։ Նա կզգար իր բացակայությունը։ Երբեմն նա կարող էր անչափ բարի լինել։ Մի քանի օր առաջ, երբ հիվանդ էր, հայրը կարդաց Նրա համար «Սարսափելի պատմություններից» մի պատմվածք և կրակի վրա հաց տաքացրեց։ Մի ուրիշ անգամ, երբ մայրը դեռ կենդանի էր, ողջ ընտանիքով գնացին Հաութի Հիլլ՝ պիկնիկի։ Էվելինը մինչեւ հիմա էլ հիշում էր, թե ինչպես հայրը երեխաներին ծիծաղեցնելու համար դրեց մոր գլխարկը։

Ժամանակն անցնում էր, իսկ նա դեռ նստած էր պատուհանի վարագույրի մոտ, շնչելով կրետոնի փոշոտ հոտը։ Ներքևից, փողոցի մյուս ծայրից, նրա ականջին հասավ փողոցային երգեհոնի նվագը։ Նրան ծանոթ էր այդ մեղեդին։ Տարօրինակ էր, որ երգը հնչում էր հենց հիմա, ասես նորից հիշեցնելով մորը տված խոստումը՝ չլքել տունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Հիշեց հիվանդ մոր վերջին գիշերը, նա պառկած էր դահլիճի մյուս կողմում գտնվող մութ սենյակում, իսկ դրսից լսվում էր իտալական մի թախծոտ մեղեդի։ Երաժշտին վեց պենս տվեցին ու ասացին, որ հեռանա։ Հիշեց, ինչպես հայրը ինքնավստահ քայլելով ետ վերադարձավ հիվանդի սենյակը, քրթմնջալով․

— Անիծվա՛ծ իտալացիներ։ Անգամ այստեղ են հայտնվում։

Եվ երբ պատկերացրեց, թե ինչպես մոր կյանքի խղճալի պահերը իրեն են փոխանցվում, կյանք, որը բաղկացած է եղել ամենօրյա աննկատ զոհաբերություններից և վերջացել կատարյալ խելագարության մեջ, Էվելինը դողաց, ասես նորից լսեց հիվանդ մոր ձայնը, որ բութ համառությամբ կրկնում էր․

— Դերեո՚ն Սերո՚ն, Դերեո՚ն Սերո՚ն։

Նա սարսափահար տեղից վեր թռավ։ Փախչե՛լ։ Պե՛տք է փախչել։ Ֆրանկը կփրկի իրեն։ Նա կտա նոր կյանք, գուցե և սեր։ Էվելինը ապրել է ցանկանում։ Ինչո՞ւ պետք է ինքն էլ դժբախտ լինի։ Նա նույնպես երջանկության իրավունք ունի։ Ֆրանկը կգրկի, կսեղմի կրծքին։ Նա կփրկի։

Էվելինը կանգնել էր ամբոխի մեջ՝ Նորդ Ուոլլ նավահանգստում։ Ֆրանկը բռնել էր նրա ձեռքը, եւ նա միայն զգում էր, որ տղան նորից ու նորից համոզում ու ինչ֊որ բան է պատմում ճանապարհորդության մասին։ Նավահանգիստը լիքն էր զինվորներով ու նրանց մոխրագույն ճամպրուկներով։ Նավամատույցի լայն դռան մեջ նա տեսավ խարիսխ նետած, վառ լույսերով նավի սև զանգվածը։ Էվելինը լուռ էր։ Այտերը սառն էին ու գունատ։ Նա հուսահատված աղոթում էր աստծուն խելքի բերել իրեն, ցույց տալ, թե որն է իր պարտքը։

Նավը սուլեց մառախուղի մեջ երկար և ողբալի սուլոցով։ Եթե մեկնի, առավոտյան բաց ծովում կլինի, Բուենոս֊Այրես տանող նավի վրա, Ֆրանկի հետ միասին։ Տոմսերն արդեն վերցրել են։ Մի՞թե այսքանից հետո, ինչ Ֆրանկը արել է, ինքը կարող է հրաժարվել։ Հուսահատությունից նա սրտխառնություն զգաց, բայց շրթունքները դեռ շարունակում էին շարժվել լուռ ու կրքոտ աղոթքից։

Հնչեց ղանգը, ասես իր սրտում։ Զգաց՝ ձեռքը բռնեցին։ — Գնա՛նք։

Աշխարհի բոլոր ծովերը փոթորկեցին Նրա սրտում։ Ֆրանկը նրան նետում է հորձանքի մեջ, ուզում է խեղդել։ Նա երկու ձեռքով կառչեց երկաթե ճաղաշարքից։ — Գնա՛նք։

Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դա անհնար է։ Նրա ձեռքերը խելագար ջղաձգումով կառչեցին երկաթներից։ Եվ նրան կլանող հորձանուտի առաջ Էվելինը հուսահատ մի ճիչ արձակեց։ — Էվելի՛ն, Է՛վի։

Ֆրանկը անցավ արգելագիծը և այժմ կանչում էր մյուս կողմից, որ նա հետևի իրեն։ Նրա վրա գոռում էին, որ ճանապարհ տա մյուսներին, բայց նա շարունակում էր կանչել աղջկան։ Էվելինը իր գունատ, անտարբեր դեմքը շրջել էր դեպի Ֆրանկը, ասես մի անօգնական կենդանի լիներ։ Նրա աչքերը ոչինչ չէին ասում՝ ոչ սեր, ոչ հրաժեշտ, ոչ մտերմություն։

Գրականություն

Սևանա լիճ. Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին

Սևակի երազանք էր հայկական ժողովրդական ավանդույթների թեմաներով գրել մանկական բանաստեղծություններ: Բայց վաղաժամ, ողբերգական մահն անկատար թողեց բանաստեղծի այդ երազանքը: Նա հասցրեց գրել ընդամենը տասներկու բանաստեղծություն, որոնք լույս տեսան 1971 թ. «Ձեր ծանոթները» վերնագրով: Ծանոթները հայոց լեռնաշխարհն է, կենդանիներն ու բույսերը` մանուշակն ու կաքավը, արագիլը, շունն ու գայլը, վագրն ու կատուն…

Սևակը նաև հրաշալի թարգմանություններ է կատարել ռուս, սովետական մյուս ժողովուրդների և արտասահմանյան գրականությունից: Ձեզ համար թարգմանել է իտալացի գրող Ջաննի Ռոդարիի «Բարև, երեխաներ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն: Սևակի ստեղծագործությունները թարգմանվել են մեր երկրի և աշխարհի բազմաթիվ ժողովուրդների լեզուներով:

Հայ ժողովուրդը վառ է պահում իր մեծ զավակի հիշատակը: Սովետաշեն գյուղում ստեղծվել է նրա տուն-թանգարանը, Արարատի շրջանում հիմնվել է Սևակավան բնակավայրը, Երևանում նրա անունն են կրում փողոց, դպրոց, որի որմնախորշում դրված է բանաստեղծի կիսանդրին: Ամեն տարի հունիսի 17-ին` բանաստեղծի մահվան օրը, հանրապետության քաղաքներից ու շրջաններից, եղբայրական հանրապետություններից Պարույր Սևակի ստեղծագործության բազմահազար երկրպագուներ հավաքում են նրա ծննդավայրում, բանաստեղծի շիրիմի մոտ և անցկացնում պոեզիայի տոն:

Գեղարքունիքի մարզում, ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա գտնվող Սևանա լիճը Հայաստանի գոհարներից ու խորհրդանիշներից մեկն է: Կապուտաչյա գեղեցկուհին ներառվել է Եվրոպայի ամենագեղեցիկ ու մատչելի վայրերի ցանկում:

Սևանը պահպանում է ափին ու լճի քաղցրահամ ջրի խորքում թաքնված գաղտնիքները:

Հայ պատմագրության մեջ այն կոչվել է ոչ թե լիճ, այլ ծով։ «Գեղամա ծով» անվանումը հանդիպում է Մովսես Խորենացու, Հովհաննես Դրախստանակերտցու, Կիրակոս Գանձակեցու և այլ պատմիչների աշխատություններում:

Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերով։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»։

Սևանի ազգային պարկի տարածքում ավելի քան 50 պատմամշակութային հուշարձան կա, որոնց թվում են Լճաշենի հնագույն դամբարանները՝ ուրարտական թագավոր Արգիշտի I-ի սեպագիր արձանագրություններով։

Բերդկունքի փլատակները գտնվում են Սևանա լճի արևելյան ափին։ Բերդը կառուցվել է մ.թ.ա. I կամ II հազարամյակներում։ Ստորջրյա նկարահանումների ժամանակ հայտնաբերվել է բերդից դեպի ջուր տանող ենթադրյալ գաղտնի ելքը:

Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը Հայաստանում նշում են Սևանա լճի օրը:

Կապուտաչյա Սևանն իր գեղեցկությունը չի կորցնում նաև ձմռանը։ Տարվա այդ եղանակին կարելի է հանգիստն անցկացնել պանսիոնատներում, հանգստյան տներում ու հյուրանոցներում, վայելել ափերին բախվող ալիքների ու ձյունածածկ լեռների տեսարանը։