- Բագրատունյաց տերության հզորացումը X դարի վերջին և XI դարի սկզբին
Բագրատունյաց թագավորության հզորացումը Գագիկ Ա–ի օրոք. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը մեծ վերելք ապրեց Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի թագավորության շրջանում (990-1020): Հայոց թագավորը կրում էր «Շահնշահ» կամ «թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսները: Դա նշանակում էր, որ Հայաստանի տարբեր ծայրամասերում և այսրկովկասյան երկրներում առաջացած մանր թագավորություններն անվերապահորեն ենթարկվում էին Անիի Բագրատունիներին: Առանց շահնշահի հավանության նրանք չէին կարող գահակալել և հարաբերությունների մեջ մտնել հարևան պետությունների հետ: Հայոց կաթողիկոսի ընտրությունը, ինչպես Հայոց Արշակունիների օրոք, կատարվում էր Բագրատունյաց թագավորների հավանությամբ:
Այսպես, երբ Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավոր Դավիթ Անհողինը 1001թ. ապստամբեց Գագիկ Ա-ի դեմ և հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը, Գագիկը հարձակվեց նրա թագավորության վրա և ռազմակալեց նրա ամբողջ տարածքը: Դավիթը երկրից փախավ՝ իր հողերից զրկվելով, և ստացավ Անհողին մականունը: Նա ստիպված եղավ խնդրել Գագիկ Ա-ի ներումը՝ ընդունելով Անիի թագավորի գերիշխանությունը և ետ ստացավ իր տիրույթների մեծ մասը:
Գագիկ Ա-ն ավելի մեծացրեց և ամրապնդեց բանակը: Այն նրա օրոք հզոր ուժ էր, որի օգնությամբ թագավորը հետզհետե ընդարձակեց արքայական տիրույթները: Գագիկ Ա-ն վերացրեց Վայոց ձորի իշխանությունը և այն միացրեց իր տիրույթներին: Ապա միացրեց Արցախի մեծ մասը, այդ թվում և Խաչեն գավառը: Վասպուրականի թագավորությունից գրավվեցին և Անիի Բագրատունիների տիրույթներին միացվեցին Կոգովիտ ու Ծաղկոտն գավառները:
998թ. արաբ ամիրա Մամլանը հարձակվեց Հայաստանի և Վրաստանի վրա: Նրա դեմ դուրս եկավ հայ-վրացական միացյալ բանակը և ճակատամարտում ծանր պարտության մատնեց արաբներին: Դրանով վերջ տրվեց արաբ ամիրայությունների հետագա ոտնձգություններին:
Գագիկ Ա-ի թագավորության շրջանում Հայոց տերությունը նշանակալից ուժեղացավ: Այդ տարիներին ավելի մեծ ծավալով շարունակվեցին շինարարական աշխատանքները, երկիրը բռնեց հետագա բարգավաճման ճանապարհը: Ծաղկում էր Անին: Այնտեղ կառուցվում էին նորանոր՝ մեկը մյուսից գեղեցիկ շինություններ: Գագիկ Ա-ի կնոջ՝ Կատրամիդե թագուհու հովանավորությամբ 1001թ. ավարտվեց Անիի Կաթողիկե հոյակապ եկեղեցու շինարարությունը: Այն կառուցվել է հռչակավոր ճարտարապետ Տրդատի նախագծով: Զվարթնոցի նշանավոր տաճարը քանդվել, կործանվել էր: Թագավորը դրա նմանությամբ մի տաճար կառուցել տվեց Անիում: Նրա օրոք Անին շարունակեց կառուցապատվել աշխարհիկ և եկեղեցական բազմաթիվ գեղեցիկ շինություններով:
Գագիկ Ա-ի ժամանակ հզորացավ Պահլավունիների իշխանական գերդաստանը: Այդ տոհմի ներկայացուցիչները ժառանգաբար վարում էին սպարապետի պաշտոնը: Հատկապես նշանավոր եղավ սպարապետ Վահրամ Պահլավունին: Պահլավունիները ևս շինարարական լայնածավալ աշխատանքներ էին սկսել: Նրանք են կառուցել Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին, Ամբերդը, Մարմաշենը և այլն: Շինարարական աշխատանքներ ծավալվեցին նաև Վասպուրականում, Սյունիքում, Արցախում և Հայաստանի այլ մասերում:
Գագիկ Ա-ի մահից հետո Անիի թագավորությունը քաղաքականապես թուլացավ և տրոհվեց, սակայն երկրի տնտեսության խաղաղ բարգավաճումը շարունակվեց:
- Ենթակա թագավորությունների առաջացումը
Ենթակա թագավորությունների առաջացումը. Հայոց Սմբատ Ա թագավորը, թագ տալով վրաց իշխան Ատրներսեհին և Հայոց Արևելից կողմերի իշխան Համամին, ավատատիրական անջատողական ձգտումների համար պարարտ հող նախապատրաստեց: Ճիշտ է, նրանք ենթարկվում էին Սմբատ Ա-ին, որն իրեն կոչում էր «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»: Արծրունիների գլխավորությամբ, 908թ. թագավորության վերածվեց, ինչպես տեսանք, նաև Վասպուրականը: Աշոտ Բ Երկաթի հաջորդները, որ լուրջ քայլեր ձեռնարկեցին ուժեղացնելու կենտրոնական իշխանությունը, հանդիպեցին ոչ միայն իշխանական դասի համառ դիմադրությանը, այլև արտաքին ուժերի դիվանագիտական կամ զինված միջամտությանը:
Տնտեսական կյանքի զարգացումը երկրի ուժեղ իշխանություններում տնտեսական կենտրոններ ձևավորեց, ինչը կենտրոնական իշխանությունից անջատվելու ձգտումների նախադրյալներ ստեղծեց: Անջատողական այդ փորձերը խրախուսվում էին Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության կողմից: Նրանցից առաջինը չէր հաշտվում Հայաստանը կորցնելու փաստի հետ, իսկ երկրորդը ծրագրում էր, Հայոց թագավորությունը տրոհելով, տիրանալ Հայաստանին:
Բագրատունի գահակալներն ամեն ինչ անում էին կենտրոնաձիգ իշխանությունն ուժեղացնելու համար: Սկզբնապես նրանք հասան նկատելի հաջողությունների, սակայն ավատատիրական անջատողական ձգտումներն ավելի ուժեղ գտնվեցին: X դ. սկզբներից սկսած միայն բուն Հայաստանում ձևավորվեցին մի քանի մեծ ինքնավարություն ունեցող թագավորություններ և իշխանություններ:
Վասպուրականի թագավորություն. Հիշյալ իշխանություններից ամենաընդարձակը և ամենազորեղը Վասպուրականի Արծրունյաց իշխանությունն էր, որը 908թ. Գագիկ Ա Արծրունու կողմից թագավորություն հռչակվեց Ատրպատականի ամիրայության օգնությամբ: Այն ընդգրկում էր Վանա և Կապուտան (Ուրմիո) լճերի միջև ընկած ընդարձակ տարածքը: Գագիկ Արծրունին կարճ ժամանակ անց ընդունեց Բագրատունյաց գահակալի գերիշխանությունը, որը սակայն երբեմն ձևական բնույթ էր կրում:
Գագիկ Արծրունու և նրա հաջորդների օրոք Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելք ապրեց, ամբողջ Վասպուրականով մեկ լայն շինարարություն ծավալվեց: Աղթամար կղզին արհեստականորեն մեծացվեց, որտեղ թագավորը կառուցեց Աղթամարի կամ Uբ Խաչ եկեղեցին և քաղաք ու արքունական պալատներ: Հետագայում լճի ջրերի բարձրացման հետևանքով քաղաքն անցավ ջրի տակ:
XI դ. սկզբին թագավորությունն ուներ 8 քաղաք, 72 բերդ ու 115 վանք և 4000-ից ավելի գյուղեր: Ամենահամեստ հաշվարկով թագավորությունն ունեցել է շուրջ 1 միլիոն բնակիչ:
Վանանդի (Կարսի) թագավորություն. Կարսում Մուշեղ Բագրատունու թագավոր հռչակվելով՝ 963թ. ծնունդ առավ Վանանդի կամ Կարսի թագավորությունը: Այն սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունների մեջ էր Անիի Բագրատունյաց թագավորության հետ: Գոյատևելով մեկ դարից մի փոքր ավելի (963-1065), այն կարևոր դեր կատարեց Հայոց տերության կազմում: Աշոտ Գ թագավորը ճանաչեց Մուշեղի գահակալությունը՝ պայմանով, որ նա ընդունի իր գերագույն իշխանությունը: Դրանով ստեղծվեց Բագրատունյաց երկրորդ թագավորությունը: |
Մուշեղի հաջորդ Աբասի օրոք մեծ ուշադրություն դարձվեց թագավորության ռազմական ուժը մեծացնելու վրա: Նրա լավ զինված հեծյալ և հետևակ զորաբանակները հաջողությամբ մասնակցեցին արաբական ամիրայությունների դեմ պատերազմներին:
Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորություն. Բագրատունիների արքայատոհմի մի ճյուղն էլ թագավորություն հիմնեց Տաշիր-Ձորագետում կամ Լոռիում: Տաշիրի կառավարիչ նշանակված Աշոտ Գ-ի որդի Գուրգենը Սմբատ Բ թագավորից արքայական տիտղոս ստացավ և 982թ. հիմք դրեց Տաշիր-Ձորագետի թագավորությանը: Այն Գուրգենի տեղական Կյուրիկե անվան պատճառով ստացավ Կյուրիկյան թագավորություն անվանումը: Այս թագավորությունը ևս ճանաչում էր Բագրատունյաց իշխանությունը:
Տաշիր-Ձորագետի թագավորությունը առևտրական սերտ կապեր է ունեցել Անիի, Դվինի, Տփղիսի (Թիֆլիս) և այլ քաղաքների հետ՝ ակտիվորեն մասնակցելով միջազգային տարանցիկ առևտրին:
Կյուրիկյանների թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Դավիթ Անհողինի գահակալության շրջանում (989-1048): Նա մեծապես ընդարձակեց թագավորության տարածքը արևելքից՝ ի հաշիվ Ուտիքի և հյուսիսից՝ Տփղիսի ամիրայության: Թագավորության մայրաքաղաքն էր Լոռի բերդաքաղաքը, որի ավերակները պահպանվել են Ստեփանավան քաղաքի հարևանությամբ:
Սյունիքի թագավորություն. 987թ. իրեն թագավոր հռչակեց նաև Սյունիքի իշխան Սմբատը: Մեկ տարի անց նա ճանաչեց Հայոց տերության գերագույն իշխանությունը: Այն գոյատևեց շուրջ երկու դար: Սկզբում թագավորության կենտրոնը Սյունի ավանն էր (այժմ՝ Սիսիան), սակայն ավելի ուշ թագավորության հյուսիսային գավառների Անիի կենտրոնական թագավորությանը միացվելուց հետո մայրաքաղաքը տեղափոխվեց Կապան: Թե’ առաջին և թե’ երկրորդ կենտրոնները գտնվում էին ռազմավարական նշանակություն ունեցող առևտրական ճանապարհների վրա:
Թագավորությունը մեծ ծաղկում ապրեց Վասակ թագավորի օրոք: Չնայած իր համեմատաբար ոչ մեծ տարածքին, այն XII դ. ուներ 43 ամրոց, 48 վանք և 1000-ից ավելի գյուղ: Քաղաքային կյանքը թույլ էր զարգացած: Հիշատակվում է միայն Կապանը:
Ենթակա թագավորությունների հանդես գալով Հայոց գահակալների տիրույթները կենտրոնացած էին մայրաքաղաք Անիի շրջակա գավառներում: Պատմաբաններն այն երկրի մայրաքաղաքի անունով կոչում են Անիի թագավորություն: