Գրականություն (անհատական աշխատանք)

Ես ներկայացնում եմ այս նյութը, քանի որ իմ արմատներն ինձ տանում են դեպի Գեղարքունյաց աշխարհ: Մայրս ծնվել և մեծացել է Գավառ քաղաքում: Այժմ պապիկս և տատիկս ապրում են Գավառում: Ես հաճախ այցելում եմ նրանց: Ամառային արձակուրդներս երբեմն անցկացնում եմ Գավառ քաղաքում: Այս ամենից ելնելով՝ ես որոշեցի ներկայացնել Հին ու Նոր Բայազետի՝ Գավառի պատմությունն ու բարբառը:

Հին ու Նոր Բայազետը

Գավառի ժամանակակից պատմությունը սկսվել է 1830-ականներին՝ ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ Թուրքիայում մնացած Բայազետ շրջանի հայկական բնակավայրերի բնակիչները հաստատվեցին ռուսական կայսրության տարածքում: Սևանի շուրջն ընկած տարածքը նրանց դուր եկավ, ու լճից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ հին գյուղի տարածքում, առաջացավ Նոր Բայազետը: 20-րդ դարի կեսին այն վերանվանեցին՝ տալով հեղափոխական Կամոյի անունը, իսկ անկախության ժամանակ Կամոն էլ փոխվեց Գավառի:

Գավառը Հայաստանի տարածքում գտնվող ամենահին բնակավայրերից է: Քաղաքի վրա վեր խոյացող ժայռի վրա մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբում գտնվում էր Ուելիքուխի թագավորության ամրոցը, որը հետագայում գրավեց ուրարտական թագավոր Սարդուրի Բ-ն: Նրա որդին՝ Ռուսա Ա-ն, վերակառուցեց ամրոցն ու տվեց նրան Խալդի աստծո անունը: Այդ իրադարձությունների մասին սեպագիր արձանագրությունը հայտնաբերվեց 1927-ին: «Գավառ» անունը (տեղի բարբառով՝ Քյավառ) հանդիպում ենք արդեն միջնադարում. ամենահին հիշատակումը գտնվել է 1 374 թվականի խաչքարի վրա: Բնակավայրը քաղաքի կարգավիճակ ստացավ Բայազետի հայերի 1830-ականների գաղթից հետո:

Երևանից եկած հյուրերի համար քաղաքը սկսվում է կենտրոնական հրապարակից, որտեղ մայրաքաղաքից այստեղ եկող երթուղային տաքսիների վերջին կանգառն է:

Գեղարքունիք մարզի շրջկենտրոն Գավառը հայերի մեծ մասի մոտ առաջին հերթին ասոցացվում է համեղ կարտոֆիլի, քյուֆթայի, օղու հանդեպ տեղացիների մեծ սիրո ու «ա»-երը «օ»-երով փոխարինող բարբառի հետ:

Կոլոտ

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, նույնպես ստեղծվել է գավառցիների ջանքերով: Պատին գրված է, որ այն կառուցվել է 1905-ին տեղի բնակիչների միջոցներով: Բարեգործներից ամենաակտիվը Հայրապետ Խաչատրյան անունով ձեռներեցն է եղել, ում մինչև հիմա հիշում են «Կոլոտ» մականունով: Ի դեպ, առաջին ժամերգությունը եկեղեցում անց է կացրել ոչ թե սովորական մի քահանա, այլ ինքը՝ Խրիմյան Հայրիկը: Բարեբախտաբար, Կոլոտը չբավարավեց իր քաղաքի միայն հոգևոր հարցերով. նրա գումարներով այստեղ կառուցվեցին հիվանդանոց, դպրոց, ջրմուղ ու էլի շատ բաներ: Ընդհանրապես հետաքրքիր մարդ էր՝ դատելով գավառցիների պատմածներից. կարող էր, օրինակ, իր գրպանից ընկած կոպեկը գետնից բարձրացրած երեխային ռուբլի տալ, կամ էլ, նկատելով, որ իրեն խաբել են խանութում, բողոք գրել ու հեռագրով ուղարկել՝ ծախսելով կրկնակի գումար: Բացի դրանից, նրա խոհարարն էր Բալաբեկ Եղիազարյանը՝ պապիս պապը: Բալասը, ինչպես նրան դիմում էին, ոչ թե Նոր Բայազետից էր, այլ քաղաքին շատ մոտ գտնվող Գավառագետի մյուս կողմում ընկած Փաշաքենդից: Միջին դարերում գյուղի անունը Առնեխ է եղել, բայց տեղի հայերին 1604-ին Շահ Աբասը աքսորեց Պարսկաստան, ու երբ մոտ երկուսուկես դար հետո այստեղ Բայազետցիներ հաստատվեցին, այն արդեն կոչվում էր Փաշաքենդ. այստեղ որոշ ժամանակ թաթարներ էին ապրել: Փաշաքենդցի Բալաս Եղիազարյանը թունդ կոմունիստ էր, ծառայեց-հասավ մինչև կոլխոզի նախագահ ու գյուղին շատ օգուտ տվեց: Մեր ընտանիքում ամենից շատ հպարտանում են, որ հենց նրա օրոք Փաշաքենդը մի անգամ հացահատկի այնքան հարուստ բերք տվեց, որ գյուղը վերանվանեցին Հացառատ: Իսկ այսօր այն Գավառի թաղամասերից է, ուր էլ որ մենք ուղղվեցինք:

Գավառի ճաշատեսակները

Գյուղատնտեսության մեջ Գավառը հայտնի է իր կարտոֆիլով: Կարտոֆիլի դաշտեր կան ամենուր: Հացառատն էլ բացառություն չէ: Բայց Գավառի խոհանոցն առաջին հերթին յուրահատուկ է իր քյուֆթայով: Ճիշտ է, այն ունի արևելյան ծագում ու հասկանալի չէ, թե ինչու է այդքան հարազատ դարձել մեր վայրերում: Քյուֆթա այստեղ գրեթե ամեն օր են պատրաստում, ու յուրաքանչյուր տանը կա հատուկ քար, որի վրա փայտե մուրճով «ծեծում» են միսը: Քյուֆթայի հետ ընդունված է օղի խմելը: Պատմեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո այստեղ օղու կոմբինատ բացվեց, որտեղ պատրաստվում էր Հայաստանի ամենամաքուր օղին: Բայց մի քանի տարի հետո գործարանը փակվեց, որը, սակայն, ոչ մի կերպ չազդեց ահռելի ծավալներով ալկոհոլ խմելու գավառցիների ունակության վրա: Այնպես որ բարձրացնում ու դատարկում ենք բաժակները՝ խմելով հանդիպման կենացն այս հյուրընկալ հողում:

Հացառատ և Նորատուս

Հացառատի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել էին նոր բնակիչները 9-րդ դարի փլուզված փոքրիկ եկեղեցու տեղում: Վերականգնման աշխատանքների ժամանակ վանքի պատերի մեջ հարակից գերեզմանոցներից տեղարդվել էին տասնյակ խաչքարեր, որոնք առաջին հայացքից որպես հայկական ճարտարապետության վառ օրինակ աչքի չընկնող եկեղեցուն յուրահատուկ տեսք են հաղորդում: Բայց ավելի հետաքրքիր է այն, որ փլուզումից հետո եկեղեցին ոտքի է կանգնեցրել մի մարդ՝ Հայկազը, որը մինչև օրս չի դադարում խնամել այն:

Հացառատն ու Նորատուսը շատ ընդհանրություններ ունեն: Առաջին հերթին՝ Նորատուսում էլ են նույն բարբառով խոսում, երկրորդը՝ երկու գյուղերի միջով անցնում է Գավառագետը, ու ընդհանրապես՝ գյուղերն այնքան մոտ են, որ չէին էլ կարող շատ տարբերվել:

Նորատուսի գերեզմանոցը

Ջուղայի (Նախիջևան) միջնադարյան հայկական գերեզմանում 2005-ին ադրբեջանցիների կազմակերպած խաչքարերի ջարդից հետո Նորատուսի գերեզմանոցը դարձավ խաչքարերի աշխարհում ամենամեծ հավաքածուն: Նորատուսի խաչքարերի մեծ մասը ստեղծվել է 12-17-րդդարերում, իսկ ամենահինը 5-րդ դարից է: Խաչքարերի մեծ մասը խմբավորված է՝ կազմելով որևէ մի ընտանիքի գերեզման: Շատերի վրա պահպանվել են ստեղծողների անունները՝ Մելիքսեթ, Ներսես, Քիրմա… Մշակութային արժեքների պահպանման դեսպանատան հիմնադրամի (ԱՄՆ) նախաձեռնությամբ ու «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» (Armenian Monuments Awareness Project) հետ համագործակցությամբ իրագործվեց գերեզմանի պահպանության նախագիծը: Տարածքում կատարվեցին հուշարձանների չափագրման ու հաշվառման աշխատանքներ, տեղադրվեցին հինգ լեզվով տեղեկատու տախտակներ, հարակից տարածքները կանաչապատվեցին ունորոգվեցին, ճանապարհներն ասֆալտապատվեցին, լուսավորվեցին, կառուցվեցին հանգստյան գոտի ուփոքր մշակութային կենտրոն, որտեղ տեղի բնակիչները կարող են հուշանվերներ, ազգային արհեստների արտադրանք ու այլ իրեր վաճառել: Ամբողջ գերեզմանը շրջափակվեց պատովո դարպասներով և դարձավ հսկելի:

Գավառի բարբառային բառեր

Հիրգուն — իրիկուն

Մկա — հիմա

Իմալ ես — ինչպես ես

Անգաջ — ականջ

Օղբաթ — ծիծաղելի

Բուղ — գոլորշի

Իսան — մարդ

Յավաշ — դանդաղ

Բոլա — բավական է

Կայնի – սպասիր

Հլը — մի քիչ

Աղբյուրը՝

Автор: Գեղամ Մարգարյան

Ողջույն, ես Գեղամն եմ: Ծնվել եմ 2007 թվականին, 15 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում: Սիրում եմ այն ամենն, ինչ առնչվում է համակարգչին: Սիրում եմ համեղ պատրաստել և ուտել: Դպրոցում իմ ամենասիրելի առարկան եղել է մաթեմատիկան: Ազատ տիրապետում եմ ռուսերենին: Շատ եմ սիրում դիտել ֆիլմեր, հումորային հաղորդումներ: Շատ եմ սիրում լողալ և բավականին երկար ժամանակ զբաղվել եմ լողով: Ազատ ժամանակ ֆիլմեր եմ դիտում և ուսումնասիրում համակարգչային ծրագրեր:

Оставьте комментарий